Սասնա ծռեր նախագիծ

«Սասնա Ծռեր» էպոսը ունի 4 մաս կամ ճյուղ, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է հերոսներից մեկի սերնդի անունով՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ» և «Փոքր Մհեր»։

«Սանասար և Բաղդասար» ճյուղը պատմում է առաջին սերնդի մասին: Հայոց Գագիկ թագավորը հարկատու է Բաղդադի կռապաշտ խալիֆին։ Վերջինս, լսած լինելով Գագիկի դստեր՝ Ծովինարի գեղեցկության մասին, ուզում է նրան կնության վերցնել, սակայն մերժում է ստանում։ Վիրավորված խալիֆն ավերում է Հայոց աշխարհը։ Ծովինարը որոշում է հոժարակամ դառնալ խալիֆի կինը՝ երկիրը ավերումից փրկելու համար։ Լեռներում շրջելիս նա ծարավում է և Աստծուց ջուր է խնդրում։ Հանկարծակի բխած Կաթնաղբյուրից Ծովինարը մի լիքը և մի կիսատ բուռ ջուր է խմում ու հղիանում։ Հասնում է Բաղդադ։ Որոշ ժամանակ անց ծնվում են Սանասարն ու Բաղդասարը, որոնք օրեցօր մեծանում ու հզորանում են։ Խալիֆն ուզում է սպանել եղբայրներին, բայց նրանք են սպանում խալիֆին և իրենց մոր հետ փախչում են հայրենիք, հիմնում իրենց բերդը՝ Սասունը, հզորացնում ու շենացնում են այն։ Սանասարն ամուսնանում է Դեղձուն-Ծամի հետ։ Ունենում են 3 զավակ՝ Մհերը, Ձենով Օհանը և Ցռան Վերգոն։

«Մեծ Մհեր» ճյուղը պատմում է, որ Սանասարին հաջորդում է որդիներից ամենաքաջը՝ Մհերը։ Այդ տարիներին Սասունը հարկատու է Մըսրա Մելիքին։ Չափահաս դառնալով՝ Մհերը տիրություն է անում երկրին ու ժողովրդին: Հացի ճանապարհը փակող հսկա առյուծի երախը պատռելով՝ երկու կես է անում, որի համար նրան կոչում են Առյուծաձև Մհեր: Այնուհետև Սպիտակ Դևից ազատում է գեղեցկուհի Արմաղանին ու ամուսնանում է նրա հետ: Մենամարտում հաղթում է Մըսրա Մելիքին և Սասունն ազատում է հարկերից, հիմնում է Մարութա Բարձրիկ Աստվածածինը, Ծովասարը դարձնում է իր որսատեղին, կառուցում է բերդեր ու կամուրջներ։ Մըսրում մեռնում է Մելիքը։ Նրա կինը՝ Իսմիլ Խաթունը, խնդրում է Մհերին գալ և տեր կանգնել իր երկրին՝ գաղտնի մտադրություն ունենալով ժառանգ ունենալ նրանից։ Ծնվում է արու զավակ, որին Իսմիլ Խաթունը կոչում է Մելիք՝ մեռած ամուսնու պատվին։ 7 տարի Մհերին իր մոտ է պահում՝ արբեցնելով թունդ գինով։ Ի վերջո սթափվելով և զղջալով իր սխալի համար՝ Մհերը վերադառնում է Սասուն։ Արմաղանը դժվարությամբ ներում է նրան։ Մհերը նորից շենացնում է Սասունը։ Որոշ ժամանակ անց Արմաղանը ունենում է որդի, որին կոչում են Դավիթ։ Երեխայի ծնվելուն պես Մհերն ու Արմաղանը մեռնում են։

«Սասունցի Դավիթ» ճյուղը պատմում է այն մասին, թե ինչպես են որբացած նորածին Դավթին ուղարկում Մըսր՝ Իսմիլ Խաթունի մոտ, որտեղ տղան մեծանում է ժամ առ ժամ։ Մըսրա Մելիքը փորձում է խորամանկությամբ սպանել Դավթին, բայց պատանի դյուցազնը հաղթահարում է բոլոր փորձությունները և վերադառնում է Սասուն։ Ձենով Օհանը Դավթին կարգում է գառնարած, ապա՝ նախրապան, որսորդ։ Դավիթը սպանում է Սասունը կողոպտած դևերին և երկրի ամբարները լցնում է բարիքներով, միայնակ կոտորում է Մըսրա Մելիքի զորքին, վռնդում է նաև հարկահավաք Կոզբադինին։ Մելիքը բազմահազար զորքով ինքն է արշավում Սասուն։ Մենամարտի ընթացքում Դավիթը սրի մեկ հարվածով երկու կես է անում խոր հորի մեջ թաքնված Մըսրա Մելիքին։ Սասունն ազատագրելուց հետո Դավիթը նշանվում է Չմշկիկ Սուլթանի հետ, բայց լսելով Կապուտկողի արքայադուստր Խանդութի գեղեցկության մասին՝ մի շարք քաջագործություններից հետո ամուսնանում է նրա հետ։ Ապա գնում է Գյուրջիստան և 7 տարի մնում այնտեղ։ Խանդութը ծնում է արու զավակ և անունը դնում է Մհեր։ Չափահաս դառնալով՝ Մհերը որոշում է գնալ և գտնել հորը։ Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են և, իրար չճանաչելով, մենամարտում։ Դավիթը Մհերի բազկապանից ճանաչում է որդուն և իր հետ մենամարտելու հանդգնության համար անիծում է. «Անմա՜հ ըլնես, անժառա՜նգ»։ Դավիթն սպանվում է Չմշկիկ Սուլթանի աղջկա թունավոր նետից, իսկ ամուսնուն հավատարիմ Խանդութը ցած է նետվում բերդի գլխից։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s